Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունը կողմերի առջեւ նոր դաշնակիցներ գտնելու խնդիր է դնում՝ պայմանավորված նաեւ էներգետիկ ճգնաժամով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 31-ին նամակ էր հղել Կոնգրեսի ղեկավարին՝ տեղեկացնելով Կատարին որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող «գլխավոր դաշնակցի» կարգավիճակ տալու մտադրության մասին։ Նախագահն իր այդ որոշումը բացատրել էր «ի նշան Կատարի երկարամյա ներդրման՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության ոլորտում ԱՄՆ-ի գլխավորած ջանքերում», ինչպես նաեւ ի նշան երկրի «ազգային շահերի՝ Կատարի պետության հետ պաշտպանական եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման գործում»: Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ է ունեցել նաեւ Աֆղանստանը։ Կատարին «գլխավոր դաշնակցի» կարգավիճակի շնորհումն այս պահի դրությամբ ունի տնտեսական նպատակահարմարություն։ Նույն օրը Բայդենն անձնական հանդիպում էր ունեցել Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա ալ Թանիի հետ, որի ընթացքում քննարկվել է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հարցում Կատարի օգնության հարցը՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեպքում: Հանդիպումը համընկել է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի հետ։ Ըստ փորձագետների գնահատականների Կատարը հազիվ թե կարողանա լրացնել նավթի եւ գազի համաշխարհային հնարավոր դեֆիցիտը, որը կառաջանա, եթե Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության արդյունքում տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն։ «Associated Press» գործակալությունն օրեր առաջ անդրադարձել էր Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հարցում Կատարի օգնությանը՝ նշելով, որ «Կատարն արդեն աշխատում է ամբողջ հզորությամբ, նրա մատակարարումների մեծ մասը, պայմանագրերի համաձայն, իրականացվում է դեպի Ասիա»։ Վերլուծաբանների կարծիքով՝ նույնիսկ եթե խաղաղօվկիանոսյան որոշ դաշնակիցների՝ ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, համոզեն ստացվող հեղուկացված բնական գազի մի մասը ուղղել դեպի Եվրոպա, միեւնույն է, դա քիչ ազդեցություն կունենա հարվածը մեղմելու համար: Բավական է նշել, որ Եվրոպային բնական գազի մոտ 40 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը, որը անցած տարվա չորրորդ եռամսյակում կրճատել էր իր արտահանումը մոտ 25 տոկոսով։ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության պայմաններում ամենահրատապ հարցն է դառնում Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ խնդիր դնելով վառելիքի այլընտրանքային մատակարարներ գտնել։ Կատարից բացի, ԵՄ-ն գազի մատակարարման շուրջ բանակցություններ է փորձում վարել նաեւ Ադրբեջանի հետ։ Փետրվարի 4-ին էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը մեկնելու է Ադրբեջան, որտեղ կմասնակցի «Հարավային գազային միջանցքի» մասնակից պետությունների նախարարական հանդիպմանը։ Այնուհետեւ՝ փետրվարի 7-ին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ մեկնելու են ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհրդի նիստին։ Հարավային գազային միջանցքի (SGC) արեւմտյան հատվածն Անդրադրիատիկ գազատարն է, որը ներառում է նաեւ «հարավկովկասյան» եւ «անդրանատոլիական» գազատարները: 2021 թ. Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ SGC-ի համար գազի հիմնական աղբյուրը Կասպից ծովում գտնվող Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1.2 տրիլիոն խորանարդ մետր պաշարներով։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am