Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու: Մակրոնը մտադիր է առաջին հերթին քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, գրում է BBC-ն։
Պուտինի հետ հանդիպման նախօրեին Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ «նախագահները քննարկել են դիվանագիտության և զսպման քայլերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ներուժի կուտակման ու վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Journal du Dimanche ֆրանսիական հրատարակության հետ հարցազրույցում Մակրոնը խոսել է Մոսկվա իր այցի նպատակի մասին։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը կարող է գործարք կնքել Մոսկվայի հետ, որը կկանխի ռազմական հակամարտությունը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են «ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ կանոնների հստակեցմանը»։ «Մենք պետք է պաշտպանենք մեր եվրոպացի եղբայրներին՝ առաջարկելով նոր հավասարակշռություն, որը կպահպանի նրանց ինքնիշխանությունն ու խաղաղությունը,- ասել է Մակրոնը: — Դա պետք է արվի Ռուսաստանի հանդեպ հարգանքով և այս մեծ ազգի ու մեծ երկրի ժամանակակից խնդիրների ըմբռնմամբ»:
Նա չի հստակեցրել, թե Մոսկվայի նկատմամբ ինչ քայլեր կարող են շոշափվել, բայց միաժամանակ շեշտել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը չի կարող քննարկման թեմա լինել։
Երեքշաբթի Մակրոնը կմեկնի Կիև։