Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», — մասնավորապես ասաց նա։
Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, և այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին: