Քաղաքապետարանում աշխատանքի ժամին «սթորի» եք գցում, ժամը 6-ից հետո կամ ընդմիջմանը արեք. քաղաքապետ

 Այսօր Երեւանի ավագանու նիստին Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ վարչությունների, բաժինների, տարբեր փակ բաժնետիրական ընկերությունների եւ այլնի վերաբերյալ պետք է գործառութային վերլուծություններ անեն:

«Պետք է հասկանանք՝ այդ վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է,  ժամը 6-ին գնում, ի՞նչ է անում։ Նստում է համակարգչի դիմաց, ի՞նչ գործ է անում: Կոֆե են խմում, բամբասում, այս սենյակից այն սենյակ գնում, ասում՝ սա այն ասաց, նա այն ասաց։ Այսինքն՝ մարդիկ, որ ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում, դա նորմալ չէ։ Ես դա չեմ հանդուրժելու»,-նկատեց քաղաքապետը:

Նա նաեւ նշեց, որ երեկ գործակարգավարական նիստին, աշխատանքի ժամին մարդիկ «սթորիեր» են գցում։ «Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք։ Կա՛մ ժամը 6-ից հետո պետք է «սթորի» գցենք, կա՛մ ժամը 1-2-ը՝ ընդմիջման ժամին»,-ասաց նա։ Նա հայտարարեց, որ գլոբալ փոփոխություններ են լինելու, մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն փաթեթով։

 

armtimes