Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus, BMW, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանք նաև 2 քաղաքացու են տեղում բժշկական օգնություն ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը, որպեսզի հետաքրրքասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ Երթևեկությունը նշված հատվածում դարձել է դանդընթաց, քանի որ մեքենաների բախման հետևանքով այն մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։