ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, որը զբաղվում է հետխորհրդային տարածքում բազմակողմ համագործակցության հարցերով, ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում խոսել է ԱՊՀ-ում Ուկրաինայի դիրքերի և տարածաշրջանում Ռուսաստանի ծրագրերի մասին։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ում դիտորդ երկիր դառնալու հնարավորությանը։ Հարցին՝ արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և ի՞նչ հեռանկարներ կան, նա պատասխանել է, որ հարցն իսկապես բարձրաձայնվում է։
«ԵՏՄ-ն բաց է պետությունների համար, որոնք հետաքրքրություն են հայտնում համագործակցության հարցում։ Մենք, իհարկե, ողջունում ենք ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու՝ ԱՊՀ անդամ երկրների ցանկությունը։ Փորձագիտական քննարկումները, որոնք տեղի ունեցան Բաքվում անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում՝ ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, ցույց տվեցին հետաքրքրությունն այս թեմայի շուրջ»,- ասել է Եվդոկիմովը՝ հավելելով․ «Ենթադրում ենք, որ ԵՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և, ընդհանրապես, օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր պետություններին»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նաև նշել է, որ Միության հետ համագործակցության մակարդակի բարձրացման որոշումը կայացվում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համապարփակ վերլուծության արդյունքների հիման վրա։