Ասկերանի բնակիչը ճանապարհը շփոթելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանցիների կողմից և ծեծի ենթարկվել

 Այգեստան համայնքի բնակիչը Ասկերան քաղաք ոտքով գնալիս ճանապարհը շփոթել է և ադրբեջանցիների կողմից գերեվարվել։ Ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ նրան բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ։ Այս մասին հաղորդում է Արցախի քննչական կոմիտեն։

 «ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: