Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 7-ին վճռել է, որ Լիլիթ Մակունցի հայցն ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, բավարարել՝ մասնակի:
Դատարանը մասնավորապես պարտավորացրել է Գառնիկ Իսագուլյանին համապատասխան լրատվության միջոցներով հրապարակայնորեն հերքել Լիլիթ Մակունցի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացված և 2020թ. նոյեմբերի 23-ին, ժամը 14:55-ին www.168.am լրատվական կայքով՝ «Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը. Գառնիկ Իսագուլյան» վերտառությամբ և 2020թ. նոյեմբերի 23-ին, ժամը 15:24-ին www.panorama.am կայքով՝ «Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները (հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48,000,000.00 դոլար):
Դատարանը նաեւ պարտավորեցնում է Գառնիկ Իսագուլյանին համապատասխան լրատվության միջոցներով հրապարակայնորեն հերքել Լիլիթ Մակունցի վերաբերյալ 2020թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացված և 2020թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 13:23-ին www.168.am լրատվական կայքով՝ «Գառնիկ Իսագուլյանը բացահայտումներ է անում» վերտառությամբ և 2020թ. դեկտեմբերի 9-ին ժամը 13:48-ին www.aysor.am կայքով՝ «Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ մինչև հեղափոխությունը Փաշինյանի թիմը 48 միլիոն դոլար է ստացել» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները (հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ Լիլիթ Մակունցը, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ հանդիպելու, նրանցից ստացել են 48,000,000.00 դոլար, որը ներկրել են Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, ինչին Լիլիթ Մակունցը փորձել է ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին):
Դատարանի վճռով՝Գառնիկ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի բռնագանձվելու է 300,000.00 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
Մնացած մասով դատարանը Լիլիթ Մակունցի հայցը մերժում է:
Գառնիկ Սամվելի Իսաղուլյանից հօգուտ Լիլիթ Կամոյի բռնագանձվում է նաեւ 110,000.00 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, նաեւ 14,000.00 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ընդգծենք նաեւ , որ Լիլիթ Մակունցի ՝ ներկայացուցիչը խնդրել էր Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել վերը նշված ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող Լ. Մակունցին վերաբերող փաստացի տվյալները:
Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի՝ որպես 23.11.2020թ. և 09.12.2020թ. ասուլիսներում հնչեցված հայտարարություններում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով՝ 2,000,000.00 ՀՀ դրամ, փոխհատուցում:
Դատական ծախսերին անդրադառնալիս անդրադառնալ Հայցվորի կողմից նախապես վճարված 48,000.00 ՀՀ դրամ պետական տուրքի գումարին և փաստաբանական ծառայությունների գումարին՝ 800,000.00 ՀՀ դրամ:
Դատարանին ներկայացրած հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությամբ Մակունցի ներկայացուցիչը կատարել է հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների լրացում՝ հայտնելով, որ Իսագուլյանի կողմից Մակունցի հասցեին արված զրպարտչական բնույթի արտահայտությունները տեղ են զտել Panorama.am լրատվական կայքում, Aysor.am լրատվական կայքում, 168.am լրատվական կայքում, 23.11.2020թ. և 09.12.2020թ. ասուլիսներում, ուստի՝ հարկ է Իսագուլյանի կողմից զրպարտություն համարվող արտահայտությունները հերքել հենց այդ միջոցներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը Մակունցի ներկայացուցիչը խնդրել էր պարտավորեցնել Գառնիկ Իսագուլյանին հրապարակայնորեն հերքել 23.11.2020թ. և 09.12.2020թ. ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող՝ Լիլիթ Մակունցին վերաբերող, փաստացի տվյալներն այն միջոցներով, որոնցով դրանք տեղ են գտել:
Գառնիկ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի՝ որպես 23.11.2020թ. և 09.12.2020թ. ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող Լիլիթ Մակունցին վերաբերյալ փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով՝ 2,000,000.00 ՀՀ դրամ, փոխհատուցում:
Աղբյուր՝ 1in.am