Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի սկզբին այցելել է Կիեւ՝ միմյանց միջեւ հարաբերությունների ռազմավարական բնույթն ընդգծելու համար: Երկու երկրների պաշտոնատար անձինք ստորագրել են երկկողմ բազմաթիվ համաձայնագրեր, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ երկար սպասված պայմանագիրը, որը ճանապարհ է հարթում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար: Վերջին տասնամյակում Թուրքիան դարձել է Ուկրաինայի գլխավոր գործընկերներից մեկը, միեւնույն ժամանակ երկկողմ ապրանքաշրջանառությունը, ինչպես գրել է լիբանանյան «Raseef22»-ը, 2021 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աճել է գրեթե 50 տոկոսով եւ հասել 5 մլրդ դոլարի: Ինչպես Էրդողանը, այնպես էլ Զելենսկին հույս են հայտնել, որ առեւտրային նոր պայմանագիրն առաջիկա մի քանի տարում կավելացնի երկկողմ առեւտրի տարեկան ծավալը՝ հասնելով մինչեւ ավելի քան 10 մլրդ դոլարի:
Եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշի մտնել Ուկրաինա, սպառնալիքի տակ կհայտնվեն Անկարայի համար վերը նշված տնտեսական եկամուտները, նաեւ կամրապնդվի Մոսկվայի ազդեցությունը Սեւ ծովում, եւ կթուլանա Թուրքիան: Այդ իսկ պատճառով վերջինս փորձում էր թուլացնել Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը՝ առաջարկելով իր միջնորդական ծառայությունը, ինչպես նաեւ բարձրացնելով Կիեւի պաշտպանունակությունը: Փորձելով թույլ չտալ իր ազդեցության կրճատումը՝ Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ համերաշխություն է հայտնել Ղրիմի թերակղզու թյուրքալեզու շրջանի թաթարական համայնքին: Բացի այդ, տիրելով Ղրիմին՝ Մոսկվան իր վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի ու նավահանգստային ենթակառուցվածքների մեծ մասը, ինչը կտրուկ փոխել է ուժերի հավասարակշռությունը Սեւ ծովում եւ թուրքական նավատորմին զրկել առավելությունից: Ի պատասխան՝ Անկարան քաղաքական ու դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին, ովքեր հրաժարվել են ընդունել ՌԴ-ին Ղրիմի միացումը: Թուրքիան որոշել է զարգացնել նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը Կիեւի հետ, մասնավորապես՝ առաջատար անօդաչու թռչող սարքերի վաճառքի հաշվին: Ուկրաինացիներն այդ ԱԹՍ-ներն արդեն օգտագործել են Դոնբասում:
2021 թ. հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի տեսագրություն է հրապարակել, որում թուրքական արտադրության անօդաչուն հարված է հասցնում Դոնբասի ռուսամետ ուժերի դիրքերին: Իսկ հունվարի 17-ին Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն «օկուպացրել է Ղրիմը, եւ նման քաղաքականությունը չի կարող շարունակվել»: Ռուսաստանյան պաշտոնյաներն սկսել են Կիեւի հետ Անկարայի ռազմատեխնիկական համագործակցությունը եւ Ղրիմի թաթարների հետ հարաբերությունները դիտել որպես սադրանք: Նրանց խոսքերով՝ Ղրիմի թաթարներին աջակցությունը սպառնալիք է Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար: Չնայած անօդաչուներն Ուկրաինային լրացուցիչ հնարավորություններ են տվել, Մոսկվայի ու Կիեւի միջեւ ուժերի հավասարակշռության վրա նրանց ազդեցությունը սահմանափակ է, իսկ ռուսական ավիացիայի մասնակցությամբ խոշոր հակամարտության դեպքում ուկրաինական զորքերը դատապարտված են պարտության: Կապված դրա հետ՝ քաղաքագետ Անդրեյ Օնտիկովը հայտարարել է. «Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դերն ուկրաինական ճգնաժամում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկելով հանդիպել Անկարայում: Հիմա ակնհայտ է, որ չնայած երկու երկրների հետ լավ հարաբերություններին, Անկարան կողմնորոշվում է դեպի Ուկրաինա»: Ռուս փորձագետը «Raseef22»-ին տված հարցազրույցում ավելացրել է. «Մեզ հայտնի է Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Անկարան չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը թերակղզում, տարբեր զենքեր է տրամադրել ուկրաինական կողմին եւ ձգտում է մեզ որոշակի քաղաքականություն պարտադրել»: Թուրք քաղաքագետ Ֆիրաս Ռիդվանօղլուն նույն լրատվամիջոցի աշխատակցի հետ զրույցում նշել է. «Թուրքիան փորձում է պաշտպանել իր շահերն Ուկրաինայի օկուպացիայի դեպքում: Ինչ վերաբերում է փետրվարի 3-ին Կիեւ Էրդողանի այցին, ապա ուղերձն այսպես է հնչում. «Անկարան աջակցում է Ուկրաինային եւ կպաշտպանի նրա հետաքրքրությունները»: Օնտիկովի կարծիքով՝ թուրքական մարտավարությունն անընդունելի է, քանի որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ միջնորդության կոչեր է հնչեցնում: Մոսկվան չի կարող գնալ դրան, քանզի հակամարտության կողմ չէ, եւ միջնորդություն պետք է իրականացվի ուկրաինական կառավարության ու Դոնբասը վերահսկող ուժերի միջեւ: Ռուս վերլուծաբանն ավելացրել է. «Եթե Թուրքիան ուզում է մասնակցել այդ ճգնաժամի կարգավորմանը, պետք է դիմի Ուկրաինայի ներսում հակամարտող կողմերին, այլ ոչ թե Ռուսաստանին»: Իսկ Ռիդվանօղլուն բացառել է ճգնաժամում Թուրքիայի միջնորդական դերը՝ ավելացնելով, որ հակամարտությունը բռնկվել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ, եւ Անկարան դրանում ոչ մի դեր չի խաղում: Ամերիկյան «Foreign Policy»-ի համաձայն՝ Անկարան կարող է հայտնվել դիվանագիտական մեկուսացման մեջ ու բախվել Ռուսաստանի չափազանց ռազմավարական էքսպանսիայի հետ, քանի որ վերջինս կարող է սպառնալիքի տակ դնել թուրքական հետաքրքրությունները սիրիական Իդլիբում՝ երաշխավորելու համար, որ Անկարան մնում է Ուկրաինայի կողմում: «Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա երկարաժամկետ հեռանկարում կունենա ծայրահեղ բացասական հետեւանքներ։ Խոսքը Սեւ ծովում Ռուսաստանի ռազմական գերակայության հետագա ամրապնդման, թուրք-ուկրաինական համագործակցության թուլացման, թուրքական տնտեսությանը հասցված զգալի վնասի, փախստականների հոսքերի եւ թուրքական շահերի դեմ սպառնալիքի մասին է Սիրիայում եւ այլ երկրներում»,- գրել է «Raseef22»-ը՝ ավելացնելով, որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Ռուսաստանի միջեւ երկարատեւ հավասարակշռման դադարեցմանը, ինչպես նաեւ վերջ դնել տարածաշրջանային հավակնություններին, որոնք ի հայտ են եկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք։ Միեւնույն ժամանակ Բելառուսի եւ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները դեպի Եվրոպա կարող են կրճատվել, Գերմանիան կարող է հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» նախագծից կամ դադարեցնել աշխատանքը Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում, իսկ Մոսկվայից դեպի հին մայրցամաք գազի տարանցումը կիրականացվի «Կապույտ հոսք» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերով: «Քարնեգի» կենտրոնի հաշվետվության մեջ խոսվում է Ուկրաինայի կողմից օգտագործվող թուրքական արտադրության ռազմական տեխնիկայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հնարավորության եւ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման մասին: Կդադարեցվեն զբոսաշրջությունը, Թուրքիային գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը: Սակայն հաշվետվության մեջ նշվում է նաեւ, որ Անկարայի դիրքորոշումը ճգնաժամի հարցում կարող է փոխել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.
hhpress.am