Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան

  Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում:

  Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից  ձեռք է բերվել 211 նոր քաղաքային ավտոբուսներ։  Գոյություն ունեցող հավաքակայանների վիճակը ներկայումս անբավարար է և դրա պայմանները չեն բավարարում թե՛ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, թե՛ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։

  Սեյսմիկ խնդիրների պատճառով առկա դեպոյի շենքերից շատերն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում և ենթակա չեն շահագործման։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կառուցել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայան: Հավաքակայանի կառուցման համար տրամադրված հողատարածքի ընդհանուր չափը 12 հա է։ Հավաքակայանը նախատեսվում է կառուցել 400 ավտոբուսների շահագործման համար:

 

a1plus.am