Անցած տարի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում արձանագրվել էր բնակարանային գողության հինգ դեպք, որոնք կատարվել էին հարմարեցված բանալու գործադրմամբ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, և, ի վերջո, ստացվեց օպերատիվ տեղեկություն, թե ովքեր են կազմակերպում և կատարում բնակարանային գողությունները: Սակայն տեղեկությունը դեռ հարկավոր էր ճշտել, ձեռք բերել ապացույցներ:
Ըստ տեղեկության՝ գործում էր երեքհոգանոց խումբ, բայց հայտնի էր միայն երկուսի տվյալները: Ոստիկանները նրանց վերցրին շուրջօրյա օպերատիվ հսկողության տակ: Փետրվարի 4-ի երեկոյան հաջողվում է ֆիքսել, որ խմբի անդամներից երկուսը դուրս են գալիս Եղեգնաձորի Արսենյան փողոցի մի շենքից և նստում «Պորշ» մակնիշի մեքենան, որի ղեկին էր երրորդ ընկերը: Իրավապահները կասկած չունեին, որ կատարվել էր հերթական բնակարանային գողությունը: «Պորշը» շարժվում է, ոստիկանները՝ հետևից: Ոստիկանները կանգնեցնում են մեքենան, սակայն վարորդը դիմում է փախուստի: Հետապնդումն ավարտվում է Եղեգնաձորի Երևանի խճուղում: Մեծ արագությամբ ընթացող մեքենան ինքնավթարի է ենթարկվում: Թողնելով մեքենան՝ հետապնդվողներն արդեն ոտքով դիմում են փախուստի, ամեն մեկը՝ մի ուղղությամբ: Այդ ընթացքում վարորդը հասցնում է ձեռքից գցել ինչ-որ փաթեթ:
Եղեգնաձորի ոստիկանները պատրաստ էին յուրաքանչյուր զարգացման. երեկոյան ժամը 9-ին երեքն էլ, մեկը՝ Եղեգնաձորի, երկուսը՝ Երևանի բնակիչներ, արդեն բերման էին ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ ինքնավթարի տեղում զննությամբ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակ՝ ոսկյա զարդերով:
Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Պարզ էր, որ ոսկյա զարդերը գողացված են, պարզ չէր միայն, թե հատկապես որ բնակարանից: Եղեգնաձորի ոստիկանները դիմում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն՝ ոսկյա զարդերի հայտնաբերումը հանրայնացնելու և տուժած քաղաքացուն գտնելու համար: Տեսանյութը տարածելուց ժամեր անց իրավապահներին է զանգում Արսենյան փողոցի մի բնակչուհի. նա ճանաչել էր իր զարդերը:
Փետրվարի 17-ին երեք տղամարդուն էլ մեղադրանք է առաջադրվել: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունը բավարարվել է, երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: