Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են հետ գրավել Լուգանսկի շրջանի «Շաստյե » քաղաքը, ինչպես նաև՝ ոչնչացրել ռուսական տեխնիկան։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական Unian գործակալությունը՝ նշելով.
«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խարկով քաղաքի շրջանցիկ ճանապարհին պայթեցվել է ռուս զավթիչների 4 տանկ։ Ինչպես նաև, միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով, այսօր՝ փետրվարի 24-ին, «Շաստյե» շրջանում ոչնչացվել է մոտ 50 ռուս զավթիչ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։
Բացի այդ, Կրամատորսկի մարզում ոչնչացվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ևս մեկ ինքնաթիռ։ Ըստ ուկրաինական կողմի պնդման՝ սա արդեն վեցերորդն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռազմական գործողությունների հետևանքով «Շաստյե» և «Ստանիցիա-Լուգանսկայա» բնակավայրերն անցել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։
Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում: Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել: