Թուրքիան կարող է փակել Բոսֆորն ու Դարդանելը ռուսական ռազմանավերի համար, սակայն նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ գրում է ТАСС-ը։
Դրա համար Թուրքիան պետք է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունները որակի որպես «պատերազմ»՝ պարզաբանել է երկրի ԱԳՆ ղեկավարը։
Հինգշաբթի Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը կոչ էր արել Անկարային՝ սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով։
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակումներում նշել են, որ ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի՝ պատերազմի ժամանակ ռազմանավերը կարող են անցնել նեղուցներով, եթե Թուրքիան անմիջական պատերազմական վիճակում չհայտնվի կամ իրեն վտանգված չհամարի: Կոնվենցիայով արգելվում է պատերազմող պետությունների ռազմանավերի անցումը, և Ուկրաինայի խնդրանքով Թուրքիան ցանկության դեպքում կարող է փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Սակայն եթե Անկարան դա անի, ապա ստիպված կլինի դրանք փակել նաև Ուկրաինայի համար։ Հակառակ դեպքում նեղուցների միակողմանի փակումը կդիտվի որպես Թուրքիայի աջակցություն հակամարտության կողմերից մեկին: