Էրդողան. «Ուկրաինայի հանդեպ ցուցաբերած ձեր զգոնությունը խնդրում եմ Թուրքիայի հանդեպ էլ ցուցաբերեք»

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովոյի պաշտոնակից Վյոսա Օսմանիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին:

Էրդողանը հիշյալ երկու կառույցներից էլ դժգոհել է, քանի որ դրանք Թուրքիայի նկատմամբ պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում։

Էրդողանը, հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ բանակցում է ԵՄ-ի անդամակցության շուրջ, սակայն դեռևս չի ընդունվել միություն, ապա համեմատություն է անցկացրել օրերս Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ սկսված գործընթացի հետ:

«Մենք ողջունում ենք Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելուն միտված ջանքերը: Դա լավ զարգացում է, բայց Եվրամիության անդամ երկրներին ցանկանում եմ հարցնել՝ ինչու՞ եք մինչև հիմա տատանվում Թուրքիային ԵՄ-ի կազմ ընդունելու հարցում, կամ ինչու՞ չեք ընդունում»,- ասել է Էրդողանը ու ավելացրել,- «ԵՄ-ի թեմայով կրկին ուզում եմ անդամ երկրներին ասել՝ խնդրում եմ Ուկրաինայի հանդեպ ձեր ցուցաբերած զգոնությունը Թուրքիայի նկատմամբ էլ ցուցաբերեք: Թե՞ սպասում եք որևէ մեկը Թուրքիայի դեմ պատերազմ սկսի ու հարձակվի, նոր այն ժամանակ Թուրքիային բերեք օրակարգ»:

Էրդողանը ասել է նաև, որ այժմ ԵՄ անդամ երկրներ կան, որոնց հետ Թուրքիան ցանկանում է պաշտպանական ոլորտում համագործակցել, սակայն այդ երկրները, որոնց մի մասն էլ Թուրքիայի նման ՆԱՏՕ-ի անդամ է, չեն համագործակցում իրենց հետ:

«Ասում եք՝ մենք միասին ենք: Ինչու՞ Թուրքիային չեք տալիս այն միջոցները, պահեստամասերն ու զինամթերքը, որոնք պետք է տաք: Դա մեր համերաշխությունից բխող բան է, սակայն չեն տալիս: Սպասում են, որ պատերա՞զմ լինի: Նրանք անկեղծ չեն: ՆԱՏՕ-ի անդամներն էլ, Եվրամիության անդամներն էլ միայն խոսքեր են ասում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

 

ermenihaber.am