Զապորոժիեի ատոմակայանն անցել է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ

 Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքն անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ՝ հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։ «Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումն անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգերի պահանջներին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ատոմակայանի տարածքում մարտերի պատճառով բռնկված հրդեհը մարվել է։ Մահացածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է հենց ատոմակայանում, սակայն ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է տեղեկատվությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։
Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա: 
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: 
Զապորոժիեի ԱԷԿ-ը համարվում է Եվրոպայի տարածքի ամենախոշոր էլեկտրակայանը: 
Ուկրաինայում գործում է ևս երեք ատոմակայան՝ Ռովենի, Խմելնիցկիի, Հարավ-ուկրաինական: Չեռնոբիլի ատոմակայանը վթարի պատճառով դադարել է գործել 1986 թ., և այժմ հատուկ պահպանման ներքո է: Փետրվարի 24-ին Չեռնոբիլի ատոմակայանը նույնպես անցել է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ: 
Ուկրաինան միջուկային էներգաարտադրության ծավալով աշխարհում զբաղեցնում է 10-րդ, Եվրոպայում՝ 5-րդ տեղը:
1lurer.am