Լեհաստանը պատրաստ է իր բոլոր ՄիԳ-29 կործանիչները փոխանցել Գերմանիայում գտնվող ԱՄՆ Ռամշտեյն ավիաբազա և կոչ է անում ՆԱՏՕ-ի մյուս անդամներին, որոնք ունեն նման ինքնաթիռներ, դիմել նույն քայլի, ասված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները, որոնք մնացել են Լեհաստանում 1980-ականներից, այնուհետեւ ՆԱՏՕ-ի որոշմամբ կտեղափոխվեն Ուկրաինա։ Ուկրաինացի օդաչուները պատրաստված են այս տեսակի ինքնաթիռներ օգտագործելու համար։
Լեհաստանի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ դրա դիմաց Լեհաստանը խնդրում է ԱՄՆ-ին տրամադրել իրեն «օգտագործված ամերիկյան կործանիչներ՝ համապատասխան օպերատիվ կարողություններով։ Լեհաստանը պատրաստ է անհապաղ պայմաններ սահմանել ինքնաթիռների գնման համար»։
Լեհաստանն աջակցում է Կիևին պաշտպանական զինատեսակներով, սակայն հայտարարել է, որ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ինքը ՆԱՏՕ-ի մաս չհանդիսացող Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության անմիջական կողմ չէ:
«… Հարձակողական զենքի մատակարարման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի բոլոր անդամների կողմից միաձայն»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Օսլոյում իր նորվեգացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսին։
«Այդ պատճառով մենք պատրաստ ենք մեր ամբողջ ռեակտիվ կործանիչները փոխանցել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա, բայց մենք պատրաստ չենք ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկել, քանի որ, ինչպես ասացի, մենք այս պատերազմի կողմ չենք», — հավելել է Լեհաստանի վարչապետը:
Ուկրաինային լեհական ՄիԳ-եր փոխանցելու շուրջ բանակցությունները սկսվել են շաբաթ օրը Վոլոդիմեր Զելենսկիի ու ամերիկացի օրենսդիրների տեսակոնֆերանսից հետո։ Նրանց խոսքով՝ Զելենսկին «խնդրանք է ներկայացրել եվրոպական երկրներին՝ տրամադրել ռուսական արտադրության ինքնաթիռներ»՝ ռուսաստանցի զավթիչների դեմ պայքարելու համար։
Արձագանքելով այս կոչին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն առաջարկել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ պարտավորվել փոխանակել ցանկացած նվիրաբերած ինքնաթիռ ՆԱՏՕ-ի արդիականացված ինքնաթիռներով և իրականացնել այս փոխանակումը արտոնյալ ֆինանսավորմամբ և վարկերի, ինչպես նաև սուբսիդավորման միջոցով։
Ավելի ուշ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով Լեհաստանի կողմից Ուկրաինային խորհրդային կործանիչներ տրամադրելու վերաբերյալ հարցին, ասել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Վարշավան։
«Մենք աշխատում ենք Լեհաստանի հետ այս հարցի շուրջ և խորհրդակցում ենք ՆԱՏՕ-ի մեր մնացած դաշնակիցների հետ: Սա Լեհաստանի ինքնիշխան որոշումն է։ Մենք ոչ մի կերպ չենք առարկել Լեհաստանի կողմից Ուկրաինա ինքնաթիռներ տրամադրելուն։ Կան մի շարք բարդ գործնական խնդիրներ, այդ թվում՝ ինչպես են ինքնաթիռները Լեհաստանից տեղափոխվելու Ուկրաինա, որտեղից են մեկնելու և վայրէջք կատարելու»,- ասել է Փսակին։
Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ռազմաօդային ուժեր օգտագործում են ռուսական արտադրության մարտական ինքնաթիռներ, և նման ինքնաթիռների փոխանցումը Ուկրաինա կնշանակի, որ ուկրաինացիները կկարողանան ինքնաթիռներ վարել առանց լրացուցիչ պատրաստության։
«Ես կաջակցեմ ԱՄՆ Սենատի ջանքերին՝ միջոցներ ձեռնարկելու՝ փոխհատուցելու մեր դաշնակիցներին, ովքեր իրենց ինքնաթիռներն են տրամադրում Ուկրաինայի պաշտպանության համար», — գրել է Մենենդեսը:
Երկուշաբթի օրը պետքարտուղարության պաշտոնյաներն ասել են, որ գերատեչությունն աշխատում է Լեհաստանի և խորհրդակցում ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ: «Սա Լեհաստանի ինքնիշխան որոշումն է։ Մենք ոչ մի կերպ չենք առարկել, որ Լեհաստանը ինքնաթիռները փոխանցի Ուկրաինային»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ։
Ամերիկացի շատ օրենսդիրներ՝ ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, կոչ են արել վարչակազմին անել հնարավոր ամեն ինչ՝ ինքնաթիռները Ուկրաինային հասցնելու համար, ներառյալ ռուսական արտադրության ՄիԳ-երի փոխանակումը ամերիկյան F-16 կործանիչների հետ։