Կառավարությունը նախատեսում է ՀՀ մարզերում հաշվառված Ադրբեջանից բռնագաղթած ևս 254 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր տրամադրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ներկայացվող նախագիծը առնչվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացին։
« Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման առաջին գործընթացը տեղի ունեցել 2004-2006 թվականներին, երբ մարզերի մեր մի խումբ հայրենակիցներին տրամադրվել է բնակարաններին գնման վկայական։ 2020 թվականին առաջին անգամ այս գործընթացը իրականացվել է Երևանում՝ երբեք Երևանում ապրող մեր հայրենակիցները չէին օգտվել այս աջակցությունից։ Եվ մենք նախորդ տարի ավարտեցինք այդ գործընթացը Երևանում։ Հիմա վերադառնում ենք մարզեր։ Այս տարի բյուջեով նախատեսված է 1,4 միլիարդ դրամ այս գործընթացի համար, նախնական կա 254 ընտանիք, և այս որոշումը առնչվում է իրենց»,- ասաց Սանոսյանը։
Նախարարը նշեց, որ նախագծով նախ հստակեցվում է, որ Ադրբեջանից բռնագաղթած անձինք բնակարանների գնման վկայագրեր կստանան այն մարզում, որտեղ հաշվառված են, մարզպետարաններից աշխատակիցներ են ներգրավվելու այդ աշխատանքները կազմակերպելու համար։
« Հիմա փաստորեն մարզերում հաշվառված ընտանիքներին ենք նման հնարավորություն տալիս։ Շատ կարևոր որոշում է»,- ասաց Փաշինյանը։