Ադրբեջանի քայլերը՝ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում . hhpress

 Կանխատեսելի էր, որ ռուս-ուկրաինական հակամարտության համապատկերին Ադրբեջանը կմեծացնի սադրանքները ՀՀ սահմանին եւ Արցախի Հանրապետության շփման գծում: Վերջին օրերին հաճախակի էին դարձել հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական շփման գծում, եւ մարտի 7-ին արձանագրվեց Երասխի միջադեպը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր: Հավատարիմ էր նենգ բնույթին՝ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե հայկական կողմն է միջադեպերը հրահրում, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարը հանձնարարեց անհապաղ պատասխանել ադրբեջանական բանակի դեմ «կատարվող գործողություններին»: Վերջին հայտարարությունն ավելի շուտ փաստում է Հասանովի վախերի մասին, քանզի վերջինս լավ գիտի, որ հայկական յուրաքանչյուր զոհի դիմաց սովորաբար վճարելու է մի քանի զոհերով: Մարտի 8-ին էլ վնասվել է Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարը, եւ ամբողջ հանրապետությունը զրկվել է գազամատակարարումից: Մարտի 9-ին էլ  ադրբեջանական զինուժն սկսել է կրակ բացել Խրամորթ գյուղի ուղղությամբ՝ թույլ չտալով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Իրավիճակի կտրուկ սրումը Հայաստանի ու Արցախի հետ շփման գծում, գազատարի վնասումը եւ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են դիտարկվել միայն մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Այն դեպքում, երբ տարածաշրջանի եւ միջազգային այլ փորձագետներ ակտիվորեն քննարկում են Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հավանականությունը, Ադրբեջանի կողմից իրավիճակի կտրուկ սրումը կա՛մ ասվածի հաստատումն է, կա՛մ ծայրահեղ ապիկարության դրսեւորում՝ չգիտակցելով, որ նման միջադեպերը կարող են դիտարկվել միայն այդ վարկածի համատեքստում: Այն դեպքում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում ապառազմականացված գոտի ստեղծելու համար խաղասեղանին է դրել գրեթե ամեն ինչ, նրա դաշնակից Հայաստանի եւ առավել եւս Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ կատարվող գործողությունները ծայրահեղ վտանգավոր ու պայթյունավտանգ են, առնվազն՝ անխոհեմ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նրա գործողությունները համակարգող Թուրքիայի համար: Մյուս կողմից էլ՝ ընդամենը 10 օր առաջ է Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ, եւ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին նման վտանգավոր համատեքստով գործողությունների գնալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման դեպքում, առավել եւս Արցախում ռուս խաղաղապահների իրավասության տակ գտնվող տարածքներում հնարավոր անկայունությունն իր հետ բերելու է նաեւ Թուրքիայի ներգրավում, քանի որ Ադրբեջանը միայնակ դուրս չի գա ՀԱՊԿ-ի, առավել եւս՝ Ռուսաստանի դեմ, իսկ դա նշանակում է ՌԴ-ՆԱՏՕ հակամարտություն: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ասել են, որ չեն գնա ՌԴ-ի հետ ռազմական առճակատման, քանի որ, Պուտինի խոսքով, դա արդեն կլինի միջուկային պատերազմ: Բացի այդ, Ուկրաինայում ռուսական զինված ուժերն արդեն բավական տվյալներ ունեն, որ ինչպես Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ, այնպես էլ ընթացող ռազմական գործողություններում ներգրավված են ջիհադիստ ծայրահեղական զինյալներ, եւ գաղտնիք չէ, որ նրանց ներգրավման գործում «մասնագիտացած» է Թուրքիան: Սրան զուգահեռ հաճախակիացել են ծանր ռազմական ինքնաթիռների թռիչքները Ուկրաինա, եւ չի բացառվում, որ, բացի զենքից, այդ ինքնաթիռներով նաեւ գրոհայիններ են տեղափոխվում: Վերոնշյալ հանգամանքների պայմաններում, թերեւս, Ռուսաստանն ինքն է առիթ փնտրում Թուրքիային եւ Ադրբեջանին համարժեք պատասխանելու համար: Այս իրավիճակում Թուրքիային ձեռնտու չէ ընդհարումը ՌԴ-ի հետ նաեւ այն առումով, որ մի կողմից նա իր բայրաքթարներն է վաճառում Ուկրաինային, մյուս կողմից էլ հակամարտությունից նաեւ այլ արդյունքներ է փորձում քաղել՝ համատարած պատժամիջոցների ժամանակ իր դռները լայն բացելով Ռուսաստանի, մասնավորապես՝ ռուբլու առաջ: Հետեւաբար, պաշտոնական Բաքուն ստիպված է մտածել, թե ինչքանով է խելամիտ միայնակ դուրս գալ ՌԴ-ի դեմ: Այլ կերպ ասած՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին զուգահեռ Հարավային Կովկասում Ադրբեջանի ցանկացած ապակայունացնող քայլ կարող է գնահատվել միայն ՌԴ-ի ուշադրությունը շեղելու, նրա դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում՝ իր բոլոր հետեւանքներով:

Read more at: hhpress.am