Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան — Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Լևոն Զախարյանը, Արթուր Կարապետյանն ու Հենրի Կոստանյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաևրման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: