Լեհաստանի հատուկ ծառայությունները արտգործնախարարությանը խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետների, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, դիվանագիտական աշխատանքի քողի տակ աշխատում են Մոսկվայի գաղտնի ծառայություններում։ Այդ մասին այսօր հայտարարել է Լեհաստանի հակալրտեսական ծառայության ներկայացուցիչ Ստանիսլավ Զարինը:
Լեհաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք փաստում են, որ «երկրում բացահայտված սպաների և նրանց հետ համագործակցող անձանց գործունեությունը ծառայում է ռուսական հետախուզական գործունեությանը՝ ուղղված միջազգային ասպարեզում Լեհաստանի Հանրապետության և նրա գործընկերների կայունության դեմ, և վտանգ է ներկայացնում Լեհաստանի շահերի և անվտանգության համար»։
Լեհաստանի կառավարության խոսնակի համաձայն՝ Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, և հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հանդիպումից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ դիվանագետներին Լեհաստանից արտաքսելու դեպքում պատասխան քայլեր կձեռնարկեն:
Անցած շաբաթ ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Բալթյան երկրները, Բուլղարիան։
Աղբյուր՝ azatutyun.am