Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձը Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Յուրաքանչյուր տարի մարտի 23-ին հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում 2004 թվականից սկսված այն նշվում է նաև որպես Օդերևութաբանի օր:
Հարգելի՛ օդերևութաբաններ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում տվյալ պահին ակտուալ որևէ թեմայի վրա: 2022թ. օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ «Վաղ նախազգուշացում, վաղ գործողություններ», որով ընդգծվում է օդերևութաբանական և հիդրոլոգիական տեղեկատվության կարևորությունը աղետների ռիսկի նվազեցման գործում:
Փաստ է, որ Կլիմայի փոփոխությունն՝ ի դեմս եղանակային ծայրահեղ երևույթների, արդեն իսկ չափազանց տեսանելի է աշխարհի բոլոր մասերում։ Մենք ականատես ենք լինում ավելի ինտենսիվ շոգերի, երաշտների և անտառային հրդեհների, որով պայմանավորված կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։
Այս տոնական օրը ցանկանում եմ կարևորել Ձեր կատարած աշխատանքի դերն ու նշանակությունը արագ փոփոխվող աշխարհում։ Մեր առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման բանալին հենց Ձեր ձեռքում է։
Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներին պրոֆեսիոնալիզմի և աշխատանքին նվիրվածության համար՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: