«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը հակասում է միջազգային այս թիվ մեկ կառույցի կանոնադրությամբ ամրագրված բոլոր երեք նպատակներին: ՄԱԿ-ի առաքելության առաջին նպատակն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը եւ այդ նպատակով ձեռնարկել արդյունավետ հավաքական միջոցներ՝ կանխելու, վերացնելու խաղաղությանը սպառնացող վտանգները, ճնշելու ագրեսիայի ակտերը կամ խաղաղության այլ խախտումներ, ինչպես նաեւ հետամուտ լինել խաղաղ միջոցներով՝ արդարադատության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, միջազգային վեճերի կամ այն իրավիճակների կարգավորմանը, որոնք կարող են հանգեցնել խաղաղության խախտման:
Այս նպատակի շրջանակում ՄԱԿ-ի գործողությունները պետք է չեզոքացնեն խաղաղությանը սպառնացող վտանգները եւ կարգավորեն այն իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել դրա խախտման: Միջազգային այս կառույցը, ի դեմս իր ներկայացուցչի մասնակցելով օկուպացված Շուշիում կազմակերպված միջոցառմանը, փաստորեն, անտեսում է 35-ամյա հակամարտության մի կողմի իրավունքները եւ իր գործողությամբ լեգիտիմացնում Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված եւ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների, մասնավորապես՝ Շուշիի բռնազավթումն ու Արցախի ժողովրդի դեմ հրահրած ադրբեջանաթուրքական ագրեսիան: ՄԱԿ-ն իր այս քայլով արդարացնում է ինքնորոշված ժողովրդի դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ աննախադեպ ագրեսիայի կործանարար հետեւանքները:
Միջազգային այս կառույցի նման կեցվածքի հետեւանքներն իրենց սպասել չտվեցին: Շուշի այցելելուց երկու օր անց արդեն Ադրբեջանը հերթական սպառնալիքն ուղղեց Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան հայտարարեց, թե Շուշիի միջոցառման առիթով ՀՀ ԱԳՆ բողոքի նոտան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է, որը «ցույց է տալիս, որ այդ երկիրը ճիշտ հետեւություններ չի արել 44-օրյա պատերազմից»։ Այստեղ թողնենք մի կողմ, որ պաշտոնական Բաքուն կրկին աղավաղում է հակամարտության բուն էությունը՝ խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքն արհեստականորն ձեւախեղելով տարածքային վեճի: Այս դեպքում հատկանշականն այն է, որ միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ոչ համարժեք արձագանքները 44-օրյա ագրեսիային Բաքվի առաջ կանաչ լույս են վառում՝ շարունակելու պատերազմով սպառնալ Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանը:
ՄԱԿ-ի երկրորդ նպատակն ազգերի միջեւ բարեկամական հարաբերություններ զարգացնելն է՝ հիմնված ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքների սկզբունքի հարգման վրա: Ակնհայտ է որ Բաքվում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի Շուշի այցը, ավելին՝ բուն միջոցառումը օկուպացված հին հայկական բերդաքաղաքում անցկացնելուն համաձայնություն տալը չեզոք կեցվածք չէ հակամարտության կողմերի նկատմամբ եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուղղակի ոտնահարում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիում կարող էին տեսնել միայն հայկական հոգեւոր-մշակութային կոթողների եղեռնը, իսկ այն միջազգային թիվ մեկ կառույցի երրորդ հիմնական նպատակի կոպիտ խախտում է: Այդ նպատակի ներքո ՄԱԿ-ը պարտավորվել է իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային ու հումանիտար բնույթի միջազգային խնդիրների լուծման եւ բոլորի համար մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը խթանելու, զարգացնելու համար՝ առանց ռասայի, սեռի, լեզվի կամ կրոնի խտրականության: Այս ամենի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ ՀՀ ԱԳՆ հրավիրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել էր, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանը: Ահա այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը՝ այդ կառույցից պահանջելով քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
Ի դեպ, ՄԱԿ-ը արցախյան հիմնախնդրում ակտիվ ներգրավում սկսեց ունենալ 1991 թ. վերջերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց նախընտրեց զերծ մնալ ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ այն զիջելով ԵԱՀԿ-ին։ Այսօր էլ ՄԱԿ-ը հակամարտության երրորդ թեժ փուլից հետո ոչ միայն դրսեւորում է միակողմանի կեցվածք, այլեւ իր գործողություններով ուղղակի դեմ է դուրս գալիս սեփական կանոնադրական նպատակներին: Դա առաջին հերթին միջազգային այս կառույցի հեղինակությանն ու վարկին է հարվածում, որը երկրագնդի բոլոր ժողովուրդներին է պատկանում եւ պետք է հավասարապես ծառայի բոլորի շահերին: Այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը սպասում է քաղաքական բանակցությունների փուլին, ինչի մասին բարձրաձայնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, առաջադեմ, չեզոք պահվածք ունեցող երկրներն ու եվրոպական կառույցները, ՄԱԿ-ի ներկայացուցչի նման գործողությունները չեն կարող նպաստել տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործընթացին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։