Թուրքիան արձագանքել է իր գնած ռուսական S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին

  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։

Ռուսական «Известия» թերթի հետ զրույցում Դեմիրը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես հիմա էլ շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

«Թուրքիան ի զորու է ինքնուրույն որոշել ինչ քաղաքականություն վարի և ինչ ուղիով գնա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաստատվի խաղաղություն։ Եվ մենք ամեն ինչ անում ենք արյունահեղությունը դադարեցնելու համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կենտորանական հետախուզական վարչության նախկին աշխատակից Փոլ Քոլբը «Wall Street Journal»-ում «Թուրքիայի ռուսական հրթիռները կարող են պաշտպանել Ուկրաինան» վերնագրով վերլուծական հոդված էր հրապարակել։ Այդ հոդվածում նա առաջարկում էր Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան փոխանցի Ուկրաինային՝ ռուսական  կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենը Թուրքիան ԱՄՆ-ից ստանա F-35 ռազմական ինքնաթիռներ:

Քոլբի հոդվածից հետո «New York Times»-ով տեղեկութոյւն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ի իշխանություններն ունեցել են նման մտադրություն Թուրքիայի S-400-ները Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ Իսկ «Reuters» լրատվական գործակալության տեղեկացմամբ էլ՝ ԱՄՆ-ի պաշտոնյաները հնչեցրել են այդ առաջարկը։ Անգամ նշվում էր, որ ոչ պաշտոնական այդ առաջարկի մասին  խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։

 

Ermenihaber.am