ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:
Մասնավորապես, ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ՝ 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնվել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95.000.000 ՀՀ դրամ գործարանային արժեքով «Ottevanգer» մոդելի, 700կգ/ժամ հզորությամբ համակցված կերի հոսքագիծը, որը համապատասխան մաքսային ձևակերպումներ կատարելուց հետո նշված արժեքով հաշվառվել է համայնքի գույքային հաշվեկշռում:
Համայնքի նախկին ղեկավարը, պարտավորված լինելով համայնքի գույքն առանց շահույթ ստանալու նպատակի օգտագործել համայնքի և բնակիչների շահերին համապատասխան, վերը նշված հոսքագիծն անհատույց, առանց որևէ փաստաթղթավորման հանձնել է եղբորը փաստացի պատկանող՝ Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը, որտեղ 9 տարի շարունակ նշված հոսքագիծը շահագործվել է ՍՊ ընկերության արտադրական կարիքների համար:
Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշար համայնքի նախկին ղեկավարը նախաձեռնել է նշված գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթացը, որի շրջանակներում 95.000.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է ընդամենը 19.000.000 ՀՀ դրամ և Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա՝ ուղղակի վաճառքով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը:
Արդյունքում՝ համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել է համայնքի և բնակիչների շահերին հակառակ, համայնքը զրկվել է եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ ֆիզիկական մաշվածության հետևանքով հոսքագիծը կորցրել է իր հաշվեկշռային արժեքի գերակշիռ մասը՝ նվազելով 76.000.000 ՀՀ դրամով և նշված չափով համայնքին պատճառվել է նյութական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա և ընտանիքի անդամների անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինիս անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Համայնքի նախկին ղեկավարի կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: