Գերմանիայի Բունդեսթագի կլիմայի և էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը РБК-ի հետ հարցազրույցում ասել է, որ ռուսական գազը ռուբլով գնելու համար ստիպված կլինեն խախտել ԵՄ պատժամիջոցները Կենտրոնական բանկի դեմ։
Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Գերմանիան պետք է շրջանցի Մոսկվայի նկատմամբ սեփական սահմանափակող միջոցները։ «Գերմանիան պետք է ռուբլի ստանա ՌԴ Կենտրոնական բանկից և դրանով իսկ շրջանցի իր իսկ պատժամիջոցները: Ռուբլով վճարելու պարտավորությունը, հավանաբար, գազամատակարարման պայմանագրերի խախտում կլինի»,- ասել է պատգամավորը, միաժամանակ ընդունել, որ արտասահմանում ռուսական ակտիվների սառեցումը նույնպես պետք է համարել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների խախտում։
Մարտի 23-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ համար ոչ բարեկամական երկրներից պահանջեց ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով՝ հրաժարվելով ռուսական ապրանքների դիմաց ստանալ դոլար կամ եվրո: