«Թուրքիան այսուհետ էլ կշարունակի պաշտպանել իր շահերը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, Բալկաններում եւ Կովկասում, Սեւ ծովի ջրային տարածքներում: Վերոնշյալ ուղղություններով մեր ձեռնարկած քայլերը մեկ անգամ եւս հաստատում են Թուրքիայի դիրքորոշման եւ ջանքերի ճիշտ լինելը՝ պահպանելու համար կայունությունն ու խաղաղությունն ինչպես գլոբալ, այնպես էլ՝ տարածաշրջանային մակարդակում»,- այդ մասին նշված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նախօրեին արված հայտարարության մեջ։ Միաժամանակ Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ Թուրքիան դիվանագիտական եւ միջնորդական ջանքերի հետ մեկտեղ խստորեն կպահպանի Մոնտրոյի կոնվենցիայի պայմանները։ Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ դիրքորոշումն էլ հետեւյալն է. «Թուրքիան կողմ է անհապաղ զինադադարին, խաղաղության եւ կայունության հասնելուն Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է օգտագործել ներկա իրողությունները` իր օրակարգը սպասարկելու համար։ Հակամարտության տարբեր կողմերում գտնվող ուժերի հետ հարաբերվելիս այս երկիրն արդյունավետորեն կարողանում է օգտագործել ունեցած լծակները «խաղաղարարի» եւ «բարի» միջնորդի դերով հանդես գալու համար։ Բազմաթիվ թուրք վերլուծաբաններ, փորձագետներ այս օրերին գրում են, որ ուկրաինական ճգնաժամը Արեւմուտքին ցույց տվեց Թուրքիայի կարեւորությունը եւ բարելավեց Թուրքիայի նկատմամբ արեւմտյան ընկալումը։ Ակնհայտ է, որ Թուրքիայի որոշ քայլերի մասով, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալը, Արեւմուտքը աչք է փակում, քանի որ ներկա իրավիճակը պարտադրում է բաց պահել հարավային ճանապարհը թե լոգիստիկ, թե էներգակիրների առումով։ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորվելուց հետո, ինչ-որ չափով կթուլանան նաեւ Թուրքիայի ազդեցության լծակները թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի վրա։ Դրանից խուսափելու համար, հասկանալի է, Էրդողանը ձեռքերը ծալած չի նստում՝ փորձելով մանեւրելու լայն դաշտ ապահովել։ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ միջնորդական առաքելություն իրականացնելու ճանապարհով Թուրքիան փորձում է լուծել մի շարք խնդիրներ. Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, «The New York Times»-ին տված հարցազրույցում, կոչ էր արել Արեւմուտքին «լսել Ռուսաստանի գործը, քանի որ ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանի եւ արեւմտյան բլոկի միջեւ անվտանգության նոր ճարտարապետություն պետք է հաստատվի»: Այսինքն՝ անվտանգության ապագա ճարտարապետությունը հաստատելու գործում Թուրքիան ձգտելու է իր մշտական տեղը զբաղեցնել։ Ի դեպ, այդ մասին նշել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն` կարծիք հայտնելով, որ եթե Մոսկվան ընդունի Թուրքիային որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը ճանաչելու Կիեւի առաջարկը, ապա Անկարան կարող է «գրանցում» ստանալ առաջարկվող անվտանգության նոր ճարտարապետության մեջ։ Ռուսաստանը չի մերժում Թուրքիայի նման ջանքերը, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ իրենք «գնահատում են Անկարայի ջանքերը՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, թեպետ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում»։ Սակայն Ռուսաստանը պետք է որ հասկանա՝ Թուրքիայի մեկնած ձեռքը՝ լինի այն «աջակցության», «միջնորդության» տեսքով, ռազմավարական առումով լուրջ վտանգներ է կրում։ Դրա դրսեւորումն ունեցանք Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծմամբ։ Եթե ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում Թուրքիան մեծ դերակատարություն ունեցավ, կամ հակամարտության բոլո՛ր կողմերն ընդունեցին նրա դերը, ապա դա «ծանր է նստելու» բոլորի վրա։ Այս ուղղությամբ Թուրքիայի ազդեցության գինը կարող է լինել ընդհուպ Ղրիմում անկայունության օջախների զարգացումը՝ այդ հարցում ներգրավելով թաթարական գործոնը։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am