Շոլցը նախազգուշացրել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծման կտրուկ արգելքի դեպքում սպասվող ճգնաժամի մասին

 Գերմանիան կնվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռեսուրսներից, սակայն կտրուկ էմբարգոն կարող է բացասաբար անդրադառնալ աշխատաշուկայի և արդյունաբերության վրա և հանգեցնել տնտեսական ճգնաժամի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արագ անկախանանք այդ մատակարարումներից»,- ասել է նա ARD հեռուստաալիքի եթերում։ Միաժամանակ, կանցլերը հորդորել է էմբարգոյի հարցում «գիտակցված որոշում կայացնել»։

Շոլցը հիշեցրել է, որ ոչ միայն Գերմանիան է կախված ռուսական ռեսուրսներից, այլ նաև՝ Արևելյան Եվրոպայի շատ երկրներ։ Կանցլերի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների ներմուծման կտրուկ էմբարգոյի դեպքում «շատ աշխատատեղեր» հարվածի տակ կհայտնվեն։

«Եթե այս ներմուծումը մեկ օրում ընդհատվեր, ապա դա կհանգեցներ նրան, որ բոլոր արտադրական ճյուղերը պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ։ «Ճշմարտությունն այն է, որ մենք զգալի տնտեսական ճգնաժամ կհրահրեինք»,- ասել է Շոլցը։

armtimes.com