Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում նշել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակում են սահմանափակվել։ «Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ Մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (շուրջ 12 հազար դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով քրեականացվեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ժամկետով ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար»,- ասված է Amnesty International-ի զեկույցում։ Նշվում է նաև, որ խաղաղ բողոքի ակցիաներն ու ցույցերը հիմնականում թույլատրվել են ողջ տարվա ընթացքում: Հունվարին կառավարությունը չեղյալ էր հայտարարել հանրային առողջության և արտակարգ իրավիճակների մասին օրենքի հետ կապված սահմանափակումների մեծ մասը, որոնք սահմանվել էին անվտանգության նկատառումներով և Covid-19 համաճարակի պատճառով, ներառյալ՝ հանրային հավաքների սահմանափակումները: Ըստ զեկույցի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության և դրա ընթացքում կատարված խախտումներից տուժածների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել և արդարադատություն չի եղել։ Շուրջ 36․000 էթնիկ հայեր մնացել են ներքին տեղահանվածներ: Խաղաղ բողոքի ակցիաները հիմնականում թույլատրվել են Covid-19-ի և ռազմական դրության սահմանափակումների վերացումից հետո, սակայն խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակում են սահմանափակվել: Միաժամանակ, Ամուլսարի ոսկու հանքավայրի բնապահպանական մտահոգությունները մնացել են չլուծված, ընտանեկան բռնությունն էլ շարունակում է մնալ համատարած խնդիր, որն ավելի է սրվել Covid-19 համաճարակի պատճառով։ Տաթև Ֆռանգյան