Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկում է արտաքին օժանդակության խողովակով Հայաստանին հատկացնել 24 մլն դոլար, ինչը 21 միլիոնով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով Հայաստանի Հանրապետությանը հատկացված ֆինանսական օգնությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից:
Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեի նախագիծը հրապարակվում է այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ ըստ կառավարության վերահսկիչ մարմնի զեկույցի՝ Միացյալ Նահանգները ավելի քան 164 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանին հատկացվելու է ընդամենը 24 մլն դոլարի օգնություն, իսկ Արցախի Հանրապետությանը ֆինանսական օգնություն նախատեսված չէ:
«Ակնկալում ենք, որ Կոնգրեսի մեր դաշնակիցները, կոալիցիոն գործընկերները և համայնքի ակտիվիստները կաշխատեն արտաքին օգնության հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին Միացյալ Նահանգների օգնության թվերը կտրուկ ավելացնելու նպատակով», — հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Բայդենի վարչակազմի 2023 թ. ֆիսկալ տարվա բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին: Բյուջեի առանձին տողով նախատեսվում է 6,050,000 դոլարի չափով միջազգային ծախսեր Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համար: 2022 թ. բյուջեով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 45 մլն դոլար, ևս 2 մլն դոլար տրամադրվել էր 2020 թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ականազերծման աշխատանքներին օգնելու նպատակով: