Թուրքական ազգայնական «Türkiye gazetesi» լրատվական կայքը հակահայկական և հակաիրանական շեշտադրումներով հերթական նյութն է հրապարակել: «Հայերի աջակիցը, Իսրայելի պահապանը՝ Իրան» վերնագրով հրապարակման կենտրոնում կրկին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» հարող տելեգրամյան ալիքներից մեկի գրառումն է եղել, որը թուրքական կայքն Իրանի կողմից սպառնալիք է որակել:
Հիշեցնենք, որ գրառման մեջ նշվել էր, որ Իրանի զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում:
Այս անգամ թուրքական կայքը որպես պատասխան ներկայացրել է «Հզբոլլահի» նախկին առաջնորդ հակաիրանական հայացքներով հայտնի Սուբհի ալ-Թուֆեյլիի տեսակետը Իրանի քաղաքականության վերաբերյալ:
Ըստ ալ-Թուֆեյլիի՝ Իրանի գործողությունները միտված են պառակտելու իսլամական աշխարհը: Նրա պնդմամբ՝ Իրանի հիմնական նպատակը պարսկական ազգայնականությունն է, իսկ շիականությունն ընդամենը գործիք է ոչ իրանական ազգերին վերահսկելու համար:
Նա նաև անդրադարձել է Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշմանը՝ մեղադրական շեշտադրումներով նշելով, որ առաջին պատերազմի ընթացքում Իրանը գործել է ոչ թե պատմական և կրոնական ընդհանրություններից ելնելով, այլ միայն սեփական շահերից դրդված, քանի որ Թուրքիայի և «թյուրքական աշխարհի» միջև ուղիղ կապի հաստատումը համարել է սպառնալիք Իրանի շահերին:
Հիշեցնենք, որ նույն կայքը նախօրեին հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող մեկ այլ նյութ էր հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ տելեգրամյան ալիքի գրառմանը:
Թուրքական կայքn Իրանին «մեղադրել» էր Հայաստանին աջակցելու մեջ: