«Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում. պատերազմը ոչ միայն տնտեսական է, այլեւ քաղաքական։ Այս պատերազմն ուղղված է ԱՄՆ-ի գերիշխանության պահպանմանը եւ այն մի իրավիճակի հիմքն է, որին բախվում է ողջ աշխարհը»,- այսօր Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած՝ «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում», թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը հավաստիացնում է՝ ՌԴ-ն մշտապես դեմ է եղել որեւէ հեգեմոնիայի եւ շարունակում է կողմ հանդես գալ՝ փոխշահավետության սկզբունքներով հարաբերությունների զարգացմանը. «Ցավոք, նման գիծ մեր արևմտյան գործընկերները չեն որդեգրել»: Արդյունքում, ըստ դիվանագետի, ունենք ներկայիս իրավիճակը. «Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատերազմ է ընթանում, որը կատալիզատոր է աշխարհում այն փոփոխությունների համար, որոնք վաղուց սպասված են և հակասում են ամերիկյան հեգեմոնիայի մոդելին։ Դրանք փոփոխությունների լուրջ նախադրյալներ են ստեղծում աշխարհում»:
Դեսպանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի հիմնումը գրեթե համընկավ հակառուսական առաջին պատժամիջոցների հետ։ Դրան հետեւեցին կորոնավիրուսի համաճարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները, որոնց համատեքստում էլ, դիվանագետի գնահատմամբ, ԵԱՏՄ-ն շարունակեց զարգանալ և ցույց տվեց իր արդյունավետությունը. «Ներկայիս պատժամիջոցներն աննախադեպ են իրենց մասշտաբներով: Բայց այս իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու ինտեգրումը եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում, ինչի մասին խոսեց նախագահ Վլադիմիր Պուտինը»:
Դեսպան Կոպիրկինն ընդգծեց՝ Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների. «Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը, մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ»: Դեսպանն ասաց, որ Մոսկվան, այս առումով, ակնկալիքներ ունի իր դաշնակիցներից եւ համոզված է, որ բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումները: