Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ մարտի 24-ին տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ հայտարարել են, որ խաղաղապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները. «Մենք այսօր այդ մասին խոսել ենք»։
Նրա խոսքով՝ դեպքի մանրամասները նրանց համար մինչև վերջ պարզ չեն, ուստի չի ուզում առաջ ընկնելով դատողություններ անել։
«Մենք համոզված ենք, որ մեր հայ գործընկերները վստահում են ռուս խաղաղապահներին և նրանց պատասխանատվության կանչելու, ծառայողական քննության անցկացման մասին կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի, ղեկավարության կարծիքը։ Այո, ոչ մեծ դեպքեր տեղի են ունենում, և մարտի 24-ի դեպքի առնչությամբ, ևս մեկ անգամ ընդգծում եմ, մենք փորձում ենք հասկանալ մանրամասները։ Բաներ կան, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին, կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժումը, ըստ էության, կատարվել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։
Ներկայացնելով իրադարձությունները՝ նա ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հայելային եղանակով Խրամորթ-Փառուխ հատվածից մի շարք դիրքեր հանելու վերաբերյալ, այդ գործողությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Հայկական դիրքերը հետ են քաշվել, խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Չնայած ՌԴ ՊՆ, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ հայտարարություններին՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը այսօրվա դրությամբ շարունակվում է»,- հայտարարել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ «ՌԴ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական զինուժի դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանելու համար»։
Փաշինյանը նաև նշել է, որ ակնկալում է՝ խաղաղապահների «գործողությունները կամ անգործությունը կարժանանան հստակ քննության»։ Նա հիշեցրել է, որ դեպքերից դեռ տասն օր առաջ Ադրբեջանը ականանետային կրակ էր վարում Խրամորթ գյուղի ուղղությամբ։