Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15 %-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ:
***
Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:
***
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:
***
Մայիսի 1-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով:
***
Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն: Ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է գործընթացը կազմակերպել համակարգված, որպեսզի գծանշման հետ կապված ուշացումներ չլինեն: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:
***
Արդեն մեկ շաբաթ է՝ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործում է հետադարձ զանգի հնարավորությունը: Նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա: