SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 11-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շենգավիթ վարչական շրջանի տարածքում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման արդյունքում ոստիկանները Մանանդյան փողոցի 25ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործության համար ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երևանի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Ավետիսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և այդ մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ էլ րոպեների ընթացքում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի հսկողությամբ իրականացվել է հատուկ օպերացիա: Թե ինչ օպերացիա է քրեական ոստիկանությունը պլանավորել Մանանդյան 25ա շենքում՝ Շենգավիթի ոստիկաններն էլ չեն իմացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ավետիսյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել և բավարարել էր Շենգավիթի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ավետիսյանը ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և այսօր նա տեղափոխվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի կամ մերժի նրա խափանման միջոց՝ քննիչի միջնորդությունը՝ երկամսյա կալանքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը) հատկանիշներով։ Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 9-ին Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչնեը պարզել էին, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նույն հիվանդանոց էր տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։ «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգ ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 27-ամյա Նարեկ Խաչատրյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել էր, որ նշված անձինք «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի մոտ վիճաբանել էին, որի ժամանակ էլ տարբեր տեսակի հրազեններից կրակել էին միմյանց վրա։ shamshyan.com