Մինչ այդ, մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի նոր ավտոբուսներում, ուղեվարձի գանձման գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար, տեղադրվել են մետաղադրամ ընդունող նոր սարքեր՝ նպատակ հետապնդելով կանոնավորելու ուղեվարձի վճարման գործընթացը և նվազագույնի հասցնելու վարորդ-ուղևոր շփումը:
Ուղեվարձի վճարման գործընթացում հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների պահանջարկը՝ նոր ավտոբուսների վարորդներին տրվում է որոշակի քանակությամբ մանրադրամ՝ ուղևորների կողմից վճարումն իրականացնելու համար:
Նոր ավտոբուսներով հիմնականում նախատեսվել և սպասարկվում են այն երթուղիները, որոնցում առկա է մեծ ուղևորահոսք: Միաժամանակ, գործող երթուղիներում առկա շարժակազմերի տեխնիկական վիճակը բարվոք չէ, ինչպես նաև գործող երթուղիներում շարժակազմերի փաստացի քանակի պայմաններում չի ապահովվում ուղևորների կանոնավոր սպասարկումը:
Նոր ավտոբուսներով փոխարինվել են հհ.97,99 երթուղիները սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի ավտոբուսները, քանի որ դրանցում առկա փաստացի ուղևորահոսքը շատ մեծ էր, և փոքր դասի ավտոբուսներով հնարավոր չէր ապահովել ուղևորների կանոնավոր սպասարկումը:
Բացի այդ, «Հիգեր» և «Գազել» մակնիշների, փոքր դասի ավտոբուսներով սպասարկվող առանձին երթուղիներ ևս փոխարինվում են «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որպեսզի ազատված փոքր դասի ավտոբուսներով կազմակերպվի այն երթուղիների աշխատանքը, որոնց ուղեգծերում ներառված ճանապարհափողոցային ցանցի առանձին հատվածներով հնարավոր չէ կազմակերպել միջին դասի ավտոբուսների շահագործումը:
Առաջիկայում հերթական խմբաքանակի նոր ավտոբուսների շահագործումը կկազմակերպվի մի քանի երթուղիներով, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի հետագա կարգավորման նպատակով ընթացիկ տարում ևս ձեռք կբերվի և մայրաքաղաք կներկրվի մեծ դասի ավտոբուսների խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա վերջնականապես դադարեցնել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսների աշխատանքը և զգալիորեն բարելավել ուղևորների սպասարկումը: