Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:
Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:
Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:
Զրուցակիցները մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: