Freedom Hause-ը հրապարակել է իր Nations in Transit 2022 տարեկան զեկույցը՝ անդրադառնալով եվրասիական 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ՝ 2004 թ-ից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:
Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն:
Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետազոտվող մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%:
Ըստ Freedom House-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի, ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:
Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»:
Բացի այդ՝ նշվել է, որ ՀՀ-ն և Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր իշխանական վերահսկողության ներքո։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. Civic.am