Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Պարզվում է, որ Արցախում կա նվազագույնը 85 ՀԿ՝ տարբեր ուղղվածության: Համենայն դեպս, այդքան ՀԿ է միացել Արցախի խորհրդարանի ապրիլի 14-ի հայտարարությանը, կամ այլ կերպ ասած՝ միացել քաղաքականապես ՈՉՄԻԲԱՆԻ:
Ես չգիտեմ երբ են ստեղծվել այդ ՀԿ-ներն Արցախում, որն ինչ ժամանակահատվածում, եւ անշուշտ նրանց մեջ կլինեն նաեւ գործով զբաղվածներ, սակայն ընդհանուր առմամբ այդ թվաբանական պատկերն էլ իր հերթին վկայում է, թե ինչպես տարիներ շարունակ Արցախի հասարակական-քաղաքական կյանքում ըստ էության խրախուսվել է ՈՉՄԻԲԱՆԸ:
Հակառակ պարագայում, այդ 85 ՀԿ-ները կմիանային ոչ թե խորհրդարանի «բաժակաճառին», այլ կմիանային միմյանց եւ խորհրդարանին կթելադրեին Արցախի կյանքում վերափոխումների առարկայական օրակարգ:
Սա իրապես ցավալի իրողություն է, հատկապես այն քաղաքական ներուժի համեմատ, որ արցախյան շարժման եւ առաջին պատերազմի տարիներին ունեցել եւ դրսեւորել է Արցախը, թեկուզ այդ դրսեւորումների մի մասի հակասականությամբ հանդերձ: Դրանից հետո վարվել է պարզապես այդ ներուժը «խեղդելու» քաղաքականություն, որի հիմքում եղել է ընդամենը բիզնեսի հետ սերտաճած կառավարման համակարգի «կորպորատիվ» նպատակահարմարությունը: