Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը: