Հայաստանի դիվանագիտական ճակատին իմ միանալը մեկ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատվիրակներին է անհանգստացրել, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանին ու իր սատելիտներին. Էդմոն Մարուքյան

 Առավոտյան նկատեցի, որ բազմաթիվ նամակներ եմ ստացել. օգտատերերը գրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իմ ելույթներից հատվածներ են, դրվագներ իմ ու Նիկոլ Փաշինյանի, իմ ու Ալեն Սիմոնյանի, իմ ու Սասուն Միքայելյանի խորհրդարանական վեճերից, իմ խոսքերի կոնտեքստից կտրված հատվածներ, իբրև թե մի ահավոր տեսանյութ, որը սեիդովյան հրճվանքով տարածում են։ Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտնել:
Նախ, հիշեցնեմ, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր գործունեությունը եղել է մշտապես բաց ու թափանցիկ, բոլորի աչքի առաջ, մարդիկ այդ ամենը տեսել են՝ առանց կոնտեքստից կտրելու և ուղիղ եթերում։
Ըստ այդմ՝ ցանկանում եմ 5-րդ ալիքին հարցնել կարո՞ղ եք այս թեմաներով էլ ռեպորտաժներ պատրաստել.
— ինչպե՞ս կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը, և խորհրդարանում գնդակահարվեցին ժողովրդի կողմից ընտրված՝ երկրի առաջնորդները,
— ինչպե՞ս և ու՞մ հրահանգով Քոչարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ սպանվեց քաղաքացի Պողոս Պողոսյանը,
— ինչպե՞ս սպանվեց գլխավոր դատախազն իր աշխատասենյակում,
— ինչպե՞ս մինչև 2008-ը սպանվեցին իշխանությանը հակադրվող հայտնի քաղաքական գործիչներ,
— ինչպե՞ս մարտի 1-ին սպանվեցին խաղաղ ցուցարարները Երևանում։
Ավելի բարի թեմաներով ռեպորտաժներ էլ կարող եք պատրաստել: Օրինակ՝ Արևմուտքում ընդունված է հաջողակ անձանց կողմից իրենց հաջողության պատմություններով եթերում կիսվելը։ Առաջարկում եմ ձեր տիրոջ որդիները գան և ուղիղ եթերում պատմեն, թե ինչպե՞ս կարողացան տակավին երիտասարդ տարիքում դառնալ դոլարային միլիոնատերեր։ Մեր երեխաներն էլ կդիտեն և այդ հաջողության պատմությունը կսերտեն։
Թեմաները շատ են, փուլ առ փուլ կառաջարկեմ նոր ռեպորտաժների թեմաներ, եթե իհարկե այս թեմաներով կպատրաստեք։
Վերջում մի բարի ռեպորտաժ էլ առաջարկեմ. ինչպե՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպես, որ թոռները ծնվեն Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ անձնագիր ստանալու համար, հետո ինքը մասնակցի Ցեղասպանության տարելիցի ջահերով երթին՝ «ընդդեմ թուրքի, հանուն հայի և Արցախի»:
Այնպես որ կսպասենք ձեր նյութերին այս հետաքրքիր ու բարի թեմաներով, իսկ ես անցնեմ իմ գործերին։