ՌԴ-ն կպահպանի Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. Դենիս Գոնչար

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի  համար գազի արտոնյալ գնագոյացումը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ռուսական և հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ բարեկամների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը»,-ասել է Գոնչարը:

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի խոսքով`«Գազպրոմ Արմենիա»-ն ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։

«Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմ»-ի գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- հավելել է Գոնչարը: