Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևին:
Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։ Միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել հիշյալ օրինագիծը:
«Թուրքիայի խորհրդարանում նման խառնակիչ քայլ անելը բոլորիս համար է նվաստացուցիչ պահվածք։ Ակնհայտ է, թե ում հետ է համագործակցում այս փտած պատգամավորը: Ես զգուշացնում եմ բոլորին` Թուրքիայի խորհրդարանը ոչ մուսուլման փոքրամասնությունների համար մարտահրավերների վայր չէ»,- այսպիսի խոսքերով հանդես գալուց հետո Դևլեթ Բահչելին դիմել է Քեմալ Քըլըչդարօղլուն` ասելով.
«Հարգելի պարոն Քըլըչդարօղլու, վերջապես ե՞րբ եք այսպես կոչված ցեղասպանության պնդումների մասին այնքան խոսելու, որքան էլեկտրաէներգիայի մասին եք խոսում: Մեր անցյալը թուրքական է, մեր ներկան թուրքական է, ուրեմն մեր ապագան էլ կլինի թուրքական»։