Վարչապետը, ողջունելով պարոն Կոլոմինայի այցը, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին:
Խավիեր Կոլոմինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՆԱՏՕ-ի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ վարչապետին փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, և իր այցն առիթ է գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար: Պարոն Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: