Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին երեկ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Ընդդիմությունը, երբ խոսում է հայրենիքի փրկության մասին, և դա համեմում է ամենատարբեր էմոցիոլանլ հայրենասիրական թեզերով և մեզ մեղադրում են թրքասիրության մեջ, առաջամարտիկը Դաշնակցությունն է։ Ուզում եմ հիշեցնել թե՛ Դաշնակցության, թե՛ բոլորիս համար՝ ՀՅԴ ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին մի քանի անգամ նամակ է ուղարկել Թուրքիային Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, որի նախագահը Վրացյանն էր, որում նշված է, որ Հայաստանի ժողովուրդը լի է վճռականությամբ բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Սա գրվել է ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց։ 106 տարի անց մեր կառավարությունը Թուրքիայի հետ սկսել է երկխոսություն ընդամենը հարաբերությունները կարգավորելու համար, չեք գտնի որևէ տեքստ, որտեղ մեր կառավարությունը կխոսի բարեկամության կամ եղբայրության մասին»,-նշել է Կոնջորյանը։
Պատգամավորի կարծիքով Սիմոն Վրացյանը և Հովհաննես Քաջազնունին ժամանակին ադեկվատ մոտեցում են ցուցաբերել իրականությանը։
«Ով է ճիշտ, Վրացյանը, թե՞ Իշխան Սաղաթելյանը։ Արդյոք, եթե Գեղամ Մանուկյանը ինչ-որ պայմաններում հանդիպեր Հովհաննես Քաջազնունուն, նրան ասելու էր դու հողատու ես և դավաճան։ Արդյոք Իշխան Սաղաթելյանը Ալեքսանդր Խատիսյանին ասելու է՝ դու հողատու ես, որ ստորագրել ես Ալեքսանդրապոլի պայմանագիրը, արդյոք դաշնակցականները Սիմոն Վրացյանին ասելու են, դու թրքասեր ես և կապիտուլյանտ։ Չեմ կարծում, որ կասեն և սխալ կանեն, եթե ասեն, որովհետև նրանք ճիշտ էին, այսօրվա ՀՅԴ ղեկավարները՝ սխալ»:
Նրա գնահատմամբ, ՀՅԴ-ի, «Հայաստան» և «Պատիվ» ունեմ դաշինքների իրական մոտիվները քաղաքական մերկանտիլ և նյութապաշտ մղումներ են. «Դրանք ընդամենը Հայաստանում իշխանությունը վերազավթելու պարզագույն մոլագարության արդյունք են, որովհետև այն ինչ այսօրվա իշխանությունն անում է փողոցում, դա բացարձակապես կապ չունի Արցախի և Հայաստանի հետ»,-նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
Կոնջորյանի խոսքով՝ ընտրություններից հետո ընդդիմադիր խմբակցությունները վերցրել են մանդատները, ընդունել են ընտրության արդյունքները, այդ դեպքում ի՞նչն է փոխվել, որ այսօր հին հռետորաբանությամբ կրկին փողոցներում են:
«Ընդդիմությունն ասում էր ժողովուրդը չի վստահում իշխանությանը, սակայն ընտրություն եղավ, մենք վերադարձանք»,-ասել է նա: