ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «TRT Haber»-ին․ «Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա»

  Թուրքիայի պետական լրատվական հեռուստաընկերությունը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում ցեղասպանություն եզրույթի օգտագործման հետ կապված հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։

«TRT Haber»-ի հարցումը եղել է այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է Բայդենը հայտարարում, որ «Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերը որպես «ցեղասպանություն» սահմանելու հարցը թողնելու են փաստաբանների միջազգային հետաքննությանը, երբ նա 1915 թ-ի դեպքերը բնորոշում է որպես «ցեղասպանություն»»։

Թուրքիայի պետական լրատվականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը որպես հիմնավորում ներկայացրել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների զեկույցները։

«Նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության սահմանման օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա, որոնք պատրաստվել են ըստ այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների զեկույցների, և այդ արձանագրումները համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին»,-նշվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։

Դրանում միաժամանակ ընդգծվել է, որ 1915 թ-ից սկսված Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործողությունները տեղավորվում են 1948 թ․ «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայում առկա ցեղասպանության սահմանման մեջ։ Շեշտվել է, սակայն, որ 1951 թ․ ուժի մեջ մտած այդ կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները հետադարձ ուժով չեն կարող կիրառվել, քանի որ ցեղասպանություն տերմինը չի եղել այն ժամանակ, երբ տեղի են ունեցել դեպքերը։

 

Ermenihaber.am