Civic.am Երևանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 28-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին նախատեսվում են գործով վկաների հարցաքննությունները։
Վկա Քոչարյանը դատարանի հայտնեց այն ինչ իրեն է հայտնի գործի վերաբերյալ։
«2013 թվականին իմ հեռախոսի վրա զանգեցին և ներկայացան, որպես Գյուղատնտեսության վարչության պետ։ Ինձ առաջարկեցին մասնակցել գյուղացիների համար արտոնյալ պայմաններով նախատեսված վառելիքի մատակարարման մրցույթին։ Ես ծանոթացա պայմաններին և առաջարկեցի, որ մի քանի օրից զանգահարեն, որպեսզի ասեմ՝ հնարավոր համարում եմ իմ մասնակցությունը, թե ոչ։ Մի քանի օր հետո ես զանգեցի և ասացի, որ հնարավոր եմ համարում իմ մասնակցությունը։ Մի քանի օրից զանգահարեց նույն վարչության պետը և առաջարկեց հանդիպել գյուղատնտեսության նախարարի հետ։ Հաջորդ օրը մենք գնացինք նախարարի ընդունարան։
Նախարարի հետ եղավ նույն խոսակցությունը՝ կապված մրցույթի հետ։ Նախարաի հետ խոսելուց հետո, վարձրացանք վերև մրցույթի հետ կապված բոլոր թղթերը ստացանք։ 2013 թվականին, օրը հստակ չեմ հիշում բայց ժամը լավ հիշում եմ՝ 18։00-ին պետք է բացեինք ծրարները։ 17։45 իմ հեռախոսի վրա զանգ եկավ, «Ֆլեշ» ընկերության տնօրենն էր, միանգամից վրա տալով ասաց՝ էս պաշնախից պրծել ես, (Պաշտպանության նախարարության դիզվառելիքը 5 տարի մատակարարել եմ ես) հիմա էլ անցել ես գյուղնախին, մեծ դաշտ ես դուրս եկել։ Ես էլ իմ պատասխանը տվեցի իրեն։
Ես գիտեի, որ 15 րոպեից ծրարները պետք է բացվեին, մենք առաջարկել էինք 425 դրամով և գիտեինք, որ մասնակցում է 3 ընկերություն, «Մաքս» ընկերությունը, մենք՝ «Սոբրանիա» ՍՊԸ-ն և «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ «Մաքսը» տվել էր 420, իսկ «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 440։ Մրցույթը կայացավ և Գյուղատնտեսության նախարարությունից ոչ ոք մեզ չիրազեկեց մենք հաղթել ենք, թե պարտվել ենք, բայց տրամաբանորեն հասկանում էինք, որ անցողիկը 420-ն է, մի քանի օր հետո ինձ Մանուկյան Խաչիկն ա զանգահարում, ասում է՝ դե գիտես, որ ես եմ հաղթել, նա առաջարկեց, որ այդ խմբաքանակը մենք ներկրենք, ես ասացի՝ ոչ, շնորհակալ եմ։ Մի քանի օրից իմացա, որ պայմանագիրը ստորագրել է «Ֆլեշ» ընկերությունը։ Ավելի ուշ մենք իմացանք, որ գինը դարձել է 452։ Գործի հետ կապված՝ այսքանը»,-ասաց նա։
Կողմերը հնարավորություն չունեցան հարցեր տալ վկային, քանի որ նա լավ չէր լսում, իսկ իր մասնագետը երկրում չէր, որ խնդիրը լուծվեր։ Նրա հարցաքննությունը հետաձգվեց, քանի որ լսողական սարքը երկրում կլիներ մայիսի 4-ին։
Դատական նիստը ևս հետաձգվեց, քանի որ վկաներից մեկը չէր ներկայացել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։