Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,-ասաց նա՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:
Նախարար Ավանեսյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ: