Այսօր` մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են Mercedes և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Մարմարի աշխարհ»-ի և բենզալցակայանի աշխատակիցները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո նրանց մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներն Սամսոն Ալեքսանյանն ու Մարտին Յայլոյանը. որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։