Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։
Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից:
Շատ կարևոր է Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից։
Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա։
Միևնույն ժամանակ, հավասարապես կարևոր է շեշտել, որ վերջին օրերի արագ արձագանքման այցերի ընթացքում բազմաթիվ փաստաբաններ դրսևորել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ գործընկերային ու համագործակցային մոտեցում, ինչը նպաստել է Պաշտպանի հաստատությունում ոստիկանության խնդրահարույց գործելակերպերի և անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի համապարփակ պատկեր ստանալուն և խախտումներն արձանագրելուն։
Պաշտպանի հաստատության և փաստաբանների պալատի միջև ավանդաբար ձևավորված է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն, որը ծառայում է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը։