Թուրքիայի և Իրանի խորը մրցակցությունը տարածաշրջանում

 Միացյալ Նահանգներում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտն անդրադարձել է Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային մրցակցության խնդրին։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև բավականին նուրբ, բայց և խորը մրցակցություն կա։

«Թեհրանը մտավախություն ունի, որ Անկարան կարող է շահել թյուրքական պետությունների հետ ունեցած պատմամշակութային և լեզվական ընդհանրությունից, որովհետև Թուրքիայի ազդեցության տարածքը տարածվում է Հյուսիսային Իրանից մինչև Կովկաս, Կենտրոնական Ասիայից մինչև Չինաստան»։

Շեշտվում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները փոփոխություն են կրել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակ անկում ապրած Բաքու-Թեհրան հարաբերությունները սկսել են քիչ-քիչ բարելավվել 2021թ. սեպտեմբերից հետո միայն։ Իրանը ցանկանում է խորացնել իր տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, իսկ տարածաշրջանում Իրանի ամենամեծ մրցակիցը եղել ու մնում է Թուրքիան։

«Թեհրանը շատ լավ գիտի, որ Հայաստանի դեմ 2020-ին Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ առյուծի բաժինը պատկանում է Թուրքիային և Իսրայելին»։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետության 85 միլիոնանոց բնակչության 20 տոկոսը կազմում են էթնիկ ադրբեջանցիները։ Ըստ վերոհիշյալ ինստիտուտի վերլուծության՝ էթնիկ ադրբեջանցիների այդ համայնքը լավ ինտեգրված է իրանական հասարակությանը։ Ու թեև չկան անջատողականության մասշտաբային միտումներ, այդուհանդերձ Թեհրանը ծայրաստիճան զգուշավոր է այդ հարցում, հատկապես Անկարայի հետ ունեցած լարվածության պահերին։

«Արդյո՞ք Իրանը կկարողանա վերականգնվել իր կորցրած դիրքերը Հարավային Կովկասում: Ցույց կտա ժամանակը։ Բայց այսօր Թեհրանը գիտակցում է իր այն անփութությունը, որի պատճառով է կորցնում  իր գեոստրատեգիկ և տնտեսական նշանակությունը ռեգիոնում»,- եզրափակվում է հոդվածը։

 

Ermenihaber.am